ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 22-ի արտահերթ նիստում ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը։ Ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել «ԲՈԼՈՐԻՆ ԴԵՄ ԵՄ» ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ընտրական ցուցակներում ընդգրկված 7 թեկնածուներ։ Ինքնաբացարկի դիմումները նոտարական վավերացմամբ են եղել։
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ պատգամավորի թեկնածուները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ՝ մինչև ժամը 18.00-ն (մայիսի 28), կարող են ինքնաբացարկի դիմում ներկայացնել։ Այս ժամկետը վերաբերելի է նաև ընտրությունների մասնակից կուսակցությունների/դաշինքների՝ ինքնաբացարկ ներկայացնելուն։
Ինքնաբացարկ ներկայացրած թեկնածուներն են՝ Խալաթյան Արփի Հակոբի (#15), Ղազարյան Տիգրան Սերյոժայի (#39), Ղազարյան Պարույր Տիգրանի (#42), Ղազարյան Սոնա Տիգրանի (#47), Գրիգորյան Լուսինե Քերոբի (#55), Ղազարյան Նաիրա Անդրեյի (#83), Բաղդասարյան Գեվորգ Մանվելի (#87)։
[Խմբ.] Քայլը ծրագրված է կուսակցության կողմից. «Բոլորին դեմ եմ»-ն այսօր տարածած հայտարարությամբ նշում է, որ նախընտրական ծրագիրն էր հաջողության դեպքում կազմել 100-օրյա կառավարություն, իրականացնել խոստացված երեք փոփոխությունները և կազմակերպել արտահերթ ընտրություններ. այդ ծրագիրն իրականացնելու անհնարինության պարագայում կուսակցությունը հայտարարել է, որ իրենց դեմ քվեարկած ընտրողների ձայներով հինգ տարի ընդդիմադիր պատգամավոր աշխատելու փոխարեն վայր են դնելու իրենց մանդատները։ Քանի որ մանդատների զանգվածային վայր դնելը երկարատև իրավական ընթացակարգ է, կուսակցությունը որոշել է դա երաշխավորել նախօրոք՝ ցուցակը կրճատելով մինչև 25 թեկնածու, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանա ինչպես իրականացնել նախատեսված փոփոխությունները, այնպես էլ խոստացված ժամկետներում առանց ձգձգումների մանդատները վայր դնելու ծրագիրը։